Իրավապահ համակարգը ոչնչացնելը, արդարադատության գաղափարն այլասերելը Նիկոլ Փաշինյանին չի ներվելու

Իրավապահ համակարգը ոչնչացնելը, արդարադատության գաղափարն այլասերելը Նիկոլ Փաշինյանին չի ներվելու
23.10.2025 | 12:39

Եթե ամեն մեկի մեջ գեթ մեկ լավ բան լիներ, ասենք` մեկը լավ կրթություն ստացած լիներ, մյուսը` բնատուր խելացի լիներ, երրորդը` լավ ընտանիքում լավ դաստիարակություն ստացած լիներ, կամ` պարզապես տեսակով բարի լիներ ու մարդասեր, մեր վիճակը բոլորովին այլ կլիներ: Այնպիսի տպավորություն է, որ Աստված հավաքել է բոլոր վատերին ու բերել Հայաստանում իշխանության:

Կարդում եմ իշխանություն կոչվող աղբակույտի գրածները, լսում եմ ելույթները եւ հասկանում եմ, որ անհույս է սրանցից որեւէ լավ բան ակնկալելը: Բացահայտ ստերին եկել է փոխարինելու տարրական հասկացությունները խեղաթյուրելու, ամեն ինչ գլխիվայր շրջելու մարտավարությունը:

Մենք ասում ենք` ձեռքերդ հեռու եկեղեցուց, նա բղավում է` կյանքս կդնեմ, որ իմ սուրբ եկեղեցին փրկեմ: Մենք ասում ենք` անմեղության կանխավարկած կա, չի կարելի գործ հարուցելու օրը «դատավճիռ» հրապարակել, սպասեք գոնե ձեր դատախազ-քննիչները գործը քննեն, ասում են` ինչի մենք իրավունք չունե՞նք քաղաքական գնահատական տալու: Ասում ենք` օրենքը թույլ է տալիս, որ ընդդիմադիր ուժը հաղթի եւ համայնքային իշխանություն ձեւավորի, ասում են` նախկիններն ուզում են իրենց թալանը պաշտպանել...Տարրական գիտելիքների ու բարոյականության բացակայությունն ահավոր բան է` սահմռկեցուցիչ այլասերումների կարող է հանգեցնել:

Փորձեմ էլի թեթեւ լիկբեզ անել: Տեսա, որ մի քանի կիսագրագետ գրում են. ինչ է` հոգեւորական, զինվորական, կամ` ընտրված լինելը ինդուլգենցիա՞ է, որ չկալանավորեն, չպատժեն, չդատեն: Ոչ, հարգելի տգետ, իդուլգենցիա չի, բայց նախ դուք այնքան ապօրինի գործեր եք հարուցել, որ ընդունակ չեք արդար ու անաչառ քննություն անելու, բայց ենթադրենք` իրոք հանցանք եք հայտնաբերել եւ պետք է մարդը դատվի-պատժվի: Այդ դեպքում էլ օրենքն ամեն ինչ նախատեսել է` եւ ինդուլգենցիան եւ պատժաչափն ու կալանքը:

1. Նախատեսել է, որ միայն միջին եւ ծանր հանցագործությունների, այն էլ որոշակի պայմանների դեպքում (եթե կա հանցագործության կրկնվելու, քննությունից խուսափելու, վկաների վրա ազդելու ռեալ վտանգ) կարելի է նախնական կալանք կիրառել: Խափանման միջոցները շատ են` միայն կալանքը չէ: Ավանդաբար եթե մեղադրանքը թեթեւ էր կամ` միջին, դատարանները կալանք չեն տվել, քանի որ կարող է նախնական կալանքը գերազանցել հետագայում նախատեսվելիք պատժաչափին:

2. Քրեական իրավունքը նախատեսում է մեղքի ծանրացուցիչ եւ մեղմացուցիչ հանգամանքներ եւ դա դատարանին հնարավորություն է տալիս նախկինում չարատավորված` չդատված, վաստակաշատ, հայրենիքին ծառայություններ մատուցած, աշխատավայրից լավ բնութագիր ունեցող մարդուն, իր խնամքին տարեցներ ու անչափահասներ ունեցողին ավելի մեղմ պատիժ տալ, քան կրկնահանցագործին: Բայց դուք Բանդուրյանների հանցագործ կլանի ներկայացուցչին, որի մասնակցությամբ երիտասարդ մարդ սպանվեց, բաց եք թողնում, իսկ թեթեւ հոդվածով մեղադրվող հարգված հոգեւորականին կալանավորում ու առավելագույն պատիժ տալիս:

3. Քրեական իրավունքը նաեւ պայմանական դատելու, պատժի կատարումը հետաձգելու հնարավորություն է ընձեռում: Էլ չեմ ասում, որ հոդվածների պատժաչափերն են խիստ տարբեր` տուգանքից մինչեւ ազատազրկում: Պարզ է, որ պատերազմի վետերանին, եթե ծանրացուցիչ հանգամանքներ չկան, տուգանք պետք է նշանակվի, այլ ոչ թե իր տնից 200 մետր հեռավորության վրա գտնված զենքի համար Աշոտ Երկաթի (Մինասյան) նման հրամանատարին 2 տարի ազատազրկում տան, որովհետեւ ընդդիմադիր հայացքներ ունի:

Եթե անգամ երբեւէ երկրի վրա կամ «վերեւում» Նիկոլ Փաշինյանին հանկարծ ներվեն այս 7 տարվա իր մյուս արարքները, իրավապահ համակարգը ոչնչացնելը, արդարադատության գաղափարն այլասերելը չի ներվելու:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 165

Մեկնաբանություններ